Բակո Սահակյանը Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի տարեկան ընդունելությանը
Տեղադրվել է Նոյեմբեր 21, 2018

Լոս Անջելեսում կայացել է «Հեռուստամարաթոն 2018»-ի տարեկան ընդունելությունը: Հյուրերի թվում էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը կարևորել է Արցախում իրականացրած Հիմնադրամի ծրագրերը՝ դրանք որակելով հսկայածավալ: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նրանց, ովքեր մշտական աջակցություն են ցուցաբերում Արցախին կարեւորագույն ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:

«Ամերիկահայությունը, մասնավորապես, Կալիֆորնիայի հատվածը, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է, և ամեն անգամ այցելելով այստեղ, մենք յուրահատուկ լիցք ենք ստանում՝ տեսնելով հայրենասեր, հայրենիքի հոգսերով ապրող, հոգով ու սրտով նրա անբաժան մասը կազմող մեր հայրենակիցներին: Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով»,- շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահը նշել է, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախատեսվող աշխատանքների իրականացումը կարևոր դերակատարություն կունենա Արցախի հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման գործում: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս միասնական ջանքերով կյանքի կկոչվեն բոլոր նախատեսված ծրագրերը:

«Հեռուստամարաթոն -2018» -ի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:

Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, Հեռուստամարաթոն-2018-ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծումը: