Նախագահն ու վարչապետը գործարարներին կոչ են արել աջակցել Հիմնադրամին
Հրապարակվել է Նոյեմբեր 21, 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել են գործարարների հետ: Երկրի ղեկավարները խոսել են Համահայկական հիմնադրամին աջակցելու կարևորության մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ բարեգործությունն ու գործարարությունը փողկապակցված են: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կոչ է արել գործարարներին մասնակցել Հիմնադրամի հեռուստամարաթոնին, որն անցկացվելու է նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսում:

«Ժամանակը փոխվել է, գործարարների ու բարերարների մեծ մասը հինը չեն, ավելի երիտասարդ են: Մեր հայկական բարեգործական կառույցը կարևոր է, պատմություն ունի, Հայաստանից դուրս հազարավոր հայեր վստահում են կազմակերպությանը: Իհարկե, կազմակերպությունն ունեցել է խնդիրներ, գիտեք՝ գործադիր տնօրենի հետ կապված, սակայն ցույց տվեց ժամանակը, որ այն առողջ մարմին է: Հայտարարվեց գործադիր տնօրենի մրցույթ, և մոտ 40 մարդ դիմեց ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այսինքն, մարդիկ հավատում են: Ընտրվեց, կարծում եմ, բոլոր չափանիշներով լավագույն գործադիր տնօրենը»,- ասել է Արմեն Սարգսյանը: Երկրի Նախագահը նշել է, որ կառույցի և տնօրինության առջև խնդիր է դրված, որ նոր մոտեցում ձևավորվի բարեգործական կառույցի ապագայի համար:

Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը ևս անդարդարձել է Հեռուստամարաթոն 2018-ին: Նիկոլ Փաշինյանը ասել է. - «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր երկրի զարգացման համար ստեղծված կարևոր գործիքներից է: Այն կոչված է միավորել մեր ջանքերը և համախմբել մեզ միասնական ծրագրերի ու նպատակների իրագործման շուրջ: Անցյալում առկա բացասական երևույթները ստվեր նետեցին հիմնադրամի գործունեության, նրա հիմքում դրված սկզբունքների վրա և խաթարեցին նրա նկատմամբ եղած վստահությունը: Գործադիր տնօրենի փոփոխությունը կոչված էր վերականգնել հասարակության անհրաժեշտ վստահությունը հիմնադրամի նկատմամբ և այն վերստին դարձնել հայ ժողովրդի համախմբմանը ծառայող կառույցի»:

Վարչապետը գործարարներին հայտնել է, որ իրականացվելու են սկզբունքային փոփոխություններ հիմնադրամի կառավարման գործընթացում՝ այն դարձնելով առավել թափանցիկ, վերահսկելի, հաշվետու և արդյունավետ: Այդ փոփոխությունները շատ շուտով տեսանելի կլինեն և կներկայացվեն հանրությանը: Վերափոխվելու է հիմնադրամի գործադիր մարմնի կառուցվածքը՝ ծրագրային բովանդակության մաքսիմալ արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունն ապահովելու համար:

«Գտնում եմ, որ հիմնադրամը կարող է լուծել առանցքային այնպիսի խնդիրներ, որոնք այս պահին կառավարությունն առկա ռեսուրսներով չի կարող լուծել: Այդ իսկ պատճառով կարևորում եմ գործարար համայնքի աջակցությունը հիմնադրամին»- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Հեռուստամարաթոնը կանցնի բարձր տրամադրությամբ և արդյունավետությամբ: