#Գյումրի30. Նոտյուրմորտ
Հրապարակվել է Դեկտեմբեր 05, 2018

Գյումրին երբեք նույնը չի լինում: Ամեն անգամ նոր Գյուրմրի է դիմավորում՝ նոր հիասթափություններով ու ցավերով, նոր կատակներով ու հույսերով: Գյումրին Հայաստանի ամենակոնտրաստային կետն է, ամենահակասական քաղաքը:

Քանդված, ջրափոսերով կենտրոնական փողոցները, ամայի ու մեծ հրապարականերն անցնելով ավելի մռայլ պատկեր է բացվում՝ «դոմիկային թաղերը»: Այդ երկաթյա, երբեմն կիսականգուն փայտյա ու քարե կիսակառույց ցածրահարկ, չէ, ցածրահարկ էլ չեն, նկուղային այդ կացարաններում արդեն 30 տարի կյանքեր են մարում: Այո, հենց մարում: Այդ տանիք կոչված ծածկերի տակ երեխաներ են մեծանում առանց մանկության, երիտասարդներ՝ առանց երիտասարդության, մեծահասակներ՝ չապրող, գոյություն ունեցող:

«Ես երազում եմ իմ Գյումրին տեսնել առանց դոմիկների»:

«Ես ուզում եմ, որ մարդիկ աշխատանք ունենան, որ կարողանան իրենց երեխայի կամ թոռան հետ ռիսկով խանութ մտնեն, ինչ ուզեն, առնեն»:

«Ես ցանկանում եմ մարդիկ առողջ լինեն: Էդ դոմիկներում առաջինը հենց առողջությունն է մաշվում»:

«Ես մաղթում եմ, որ երեխաները մեր հիշողությունների հին Գյումրիից էլ սիրուն և ուրախ Գյումրի տեսնեն»:

Այս ցանկություն-մաղթանք-երազանքներն ասում են մարդիկ, ովքեր վերապրել են դժոխքը: Համահայկական հիմնադրամի «Գյումրին առանց տնակների» ծրագրի 41 շահառու ընտանիքների հետ հանդիպման վայրը Մուշ-2 թաղամասի դպրոցն է: Եթե դոմիկներում մնացած մարդկանց օգնելու համար է, միշտ պատրաստակամ են տեսախցիկի առաջ խոսել, պատմել իրենց մասին: Յուրաքանչյուրի պատմությունը և տարբեր է, և նման: Տարի ու ամիսներ են անցնել, բայց այս ժպտացող ընտանիքները դեռ չեն հավատում, որ մարդկային պայմաններում են ապրում, որ կյանքը նորից է սկսվել: Նրանց խոսքերում ու հայացքներում մի քիչ էլ ներողություն կա ուղղված նրանց, ովքեր դեռ այնտեղ են, ցածր նկուղային կիսածածկ «տանիքների» տակ:

Լուսանկարիչը խնդրում է բոլորին խմբակային նկարի համար ժպտալ, ոչ ոք չի համարձակվում. կամ ամաչում է, կամ էլ ուժ չունի…: Ու, երբ ասում ենք, որ նրանց ժպիտը գուցե կօգնի դոմիկներում ապրողների համար էլ հովանավորներ գտնել, մեծ ու փոքր գեղեցիկ ժպիտներ են ֆիքսվում լուսանկարի վրա: