Համահայկական հիմնադրամն արդեն գրանցել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլար նվիրատվություն
Հրապարակվել է Դեկտեմբեր 14, 2018

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ասուլիսը: Հիմնադրամի տնօրենն ամփոփել է համահայկական դրամահավաքի արդյունքները, ներկայացրել առաջիկա անելիքները և ծրագրերը:

Դրամահավաք միջոցառումներն ու անհատական նվիրատվությունները շարունակվել են նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոն-2018-ից հետո ևս, որի ժամանակ գրանցվել էր 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Նշենք, որ Հեռուստամարաթոնի ժամանակ ի մի էին բերվել մինչ այդ տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները: Այսպես, Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 50 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը՝ 1 մլն ամերիկյան դոլար: Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին էլ Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 502 հազար ԱՄՆ դոլար:

Դեկտեմբերին Լիբանանում տեղի է ունեցել ռադիոթոն, որին հանգանակվել է 87 հազար 750 ԱՄՆ դոլար, արգենտինահայերը բարեգործական ճաշի ժամանակ հավաքել են 250 հազար դոլար, ավստրիահայերը նվիրաբերել են 7000 ԱՄՆ դոլար:

Վերջնարդյունքում, ամոփոփելով այս տվյալները և գումարելով Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի նվիրատվութունները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2018 թվականին գրանցել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլար հանգանակություն:

Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոնի օրը Հիմնադրամի երևանյան գրասենյակում նվիրատվություններ էին կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1,5 մլն դրամ, որից 1 մլն դրամը վարչապետի ֆոնդից, 500 000 դրամ էլ Փաշինյանը նվիրաբերել էր իր անունից: Նախագահ Արմեն Սարգսյանը Հեռուստամարաթոն-2018-ին նվիրաբերել է իր կես տարվա աշխատավարձը: Իր և ԱԱԾ աշխատակիցների անունից հանգանակություն էր կատարել Արթուր Վանեցյանը. 9 527 400 դրամ ԱԱԾ-ն է նվիաբերել, Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել իր մեկ ամսվա աշխատավարձը: Հեռուստամարաթոնի ընթացքում՝ կեսգիշերին Հիմնադրամ էր այցելել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մասնակցելով համահայկական դարամահավաքին:

Այս տարի բավականին մեծ էր նվիրատուների մասնակցության ցուցանիշը. ԱՄՆ-ում մոտ 20 տոկոսով աճել էր զանգահարողների թիվը, Հայաստանում՝ եռակի անգամ sms հաղորդագրությամբ նվիրատվություն անողների թիվը, օնլայն նվիրատուների թիվն աճել է՝ 17-ից դառնալով 170: Նշենք, որ նվիրատվուների ներգրավումն մեծացնելու համար տարվա ընթացքում ևս նախատեսված են տարբեր միջոցառումներ:

Ներքոնշյալ ներկայացնում ենք Հեռուստամարաթոն-2018-ի մի քանի խոշոր նվիրատուների անունները.

Անանուն բարերար՝ 2.3 մլն դոլար

Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյաններ՝ 1 մլն 340 հազար դոլար, որով հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը

Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյան՝ 1մլն. դոլար, որով հիմնանորոգվելու է Գետավանի դպրոցը, Արցախ

Ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյան՝ 1 000 000 դոլար

Արցախահայություն՝ 700,000 դոլար

Իրանի հայ համայնք՝ 100 հազար դոլար

Եգիպտոսի հայոց թեմ՝ Կահիրեի ազգային առաջնորդարան՝ 10 հազար դոլար

Գևիկ և Փիթեր Բաղդասարյաններ ու ընկերներ՝ 61 հազար դոլար

և այլն:

Հեռուստամարաթոն 2018-ի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցմանծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանն օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում. ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում Արցախում արևային էներգիայով կապահովվի 251 օբյեկտ՝ հանրային նշանակության հաստատություն կամ սոցիալապես անապահով ընտանիք:

Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018» -ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի ենթակառուցվածքներին: Մասնավորապես, «Գրանդ» Հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանների նվիրաբերած 60 մլն դրամի մի մասով հիմնանորոգվելու է Դիլիջան-Իջևան պետական նշանակության ճանապարհը:

Արդեն իսկ պայմանավորվածության է ձեռք բերվել Տավուշի մարզի ևս 170 ընտանիքի ապահովել արևային էներգիայով, Microsoft ընկերության հետ համատեղ Հայաստանի բոլոր դպրոցները կապահովվեն համակարգչային անհրաժեշտ ծրագրերով, Գյումրիի առնվազն մեկ դպրոցում կհիմնվի ռոբոտաշինության դասարան, կդրվի տեղեկատվական ոլորտի սթարթափերի ֆինանսավորման ծրագիրը և այլն:

Շարունակվելու է Գյումրին առանց տնակների ծրագիրը, որի շրջանակներում արդեն 41 ընտանիք նոր բնակարան է ստացել՝ վերանորոգված, կահավորված և տեխնիկայով հագեցած, մինչև Նոր տարի ևս մի ընտանիք բնակարան կստանա: Քննարկվում են այն ձևաչափերը, որոնց շնորհիվ Գյումրիի ծրագիրն ավելի արդյունավետ կդառնա, և կարժ ժամանակահատվածում հնարավոր կլինի առավել մեծ թվով շահառուների ընդգրկել:

Հայկակ Արշամյանը նշեց նաև, որ ՀՀ նախագահի մրցանակ-2018-ի համար արդեն իսկ ընդունվում են հայտեր, և հույս հայտնեց, որ այս տարի մրցույթի մասնակիցների թիվն անհամեմատ մեծ կլինի;

Ինչ վերաբերում է Հիմնադրամի աշխատանքներին, ապա Արշամյանը տեղեկացրեց, որ կառույցի աշխառանքներն առավել թափանցիկ և արդյունավետ դարձելու համար ներդրվելու են կառավարման նոր համակարգեր: