Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է
Հրապարակվել է Օգոստոս 16, 2017
1992-ի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի մի կառույց, որը պիտի համախմբեր Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր այն հայերին, որոնք պատրաստակամ էին իրենց լուման և ջանքերը ներդնել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը։
Հիմնադրամը ստեղծման տարվանից իրականցրեց մի շարք խոշոր և օրհասական ծրագրեր, որոնցից էին Արցախին և 1988-ի երկրաշարժի գոտուն պարբերական աջակցությունը, «Ձմեռ 93-94», «Բռնագաղթվածներ» ծրագրերը։ Արցախին ցուցաբերած աջակցությունը կազմում էր 4․7 միլիոն դոլար, աղետի գոտունը՝ 2․6։ 1992-ին իրականացված խոշորությամբ երրորդ ծրագիրը «Զանգեզուրն» էր՝ 1․3 միլիոն դոլար արժողությամբ։
Արդեն 25 տարի սյունեցիները և Սյունիքի մարզով անցնողներն օգտվում են բարվոք կառուցված ճանապարհներից և դժվար է պատկերացնել, որ ժամանակին ճանապարհների փոխարեն անանցանելի հողատարածքներ էին կամ ժայռեր։ 1992-ին Հիմնադրամը հանձն առավ Սյունիքի մարզում երեք կարևորագույն ճանապարհի կառուցում։ Առաջինը Մեղրի-Երևան ավտոմայրուղու Վայք-Սարավան ճանապարհն էր՝ 1․3 կմ երկարությամբ։ Այդ ճանապարհում տեղադրվեցին ջրահեռացման խողովակներ, ստեղծվեցին ձնապաշտպանական շերտեր՝ տարվա ցանկացած եղանակին անվտանգ անցանելիություն ապահովելու համար։
Երկրորդը կառուցվեց Մեղրի-Երևան ավտոմայրուղու Հալիձոր-Տաթև ճանապարհը։ Իսկ երրորդիվ վերականգնվեց Քաջարան-Մեղրի ճանապարհի 70 կմ-անոց հատվածը։
«Զանգեզուր» ծրագիրը ներառում էր նաև Գորիսի ռադիոհեռուստատեսային վերահաղորդիչ կայանի շենքի և «Ակներ» աղբյուրների ջրահավաք կայանի կառուցումը։ Ջրահավաք կայանի շնորհիվ 1992-ին Գորիսի բնակչության մոտ 30 տոկոսը ապահովվեց խմելու ջրով։