Սպորտգույք՝ գյումրեցի պարաօլիմպիկ մարզիկին
Հրապարակվել է Հուլիս 28, 2017
26-ամյա Արթուր Գալստյանը ծնվել և մեծացել է Գյումրիի Գորկու փողոցի վրա գտնվող տնակներից մեկում։ Մանկական ուղեղային պարալիչ ունենալով՝ Արթուրը 10 տարեկան հասակում իր կամքով հրաժարվել է սայլակից, սկզբում քայլելով երկու, այժմ արդեն մեկ ձեռնափայտի օգնությամբ։ Հաշմանդամների հանրապետական մարզական փառատոնին երեք տարի շարունակ դարձել է բրոնզե մեդալակիր, զբաղվում է բազկամարտով և ծանրամարտով։
Երկրաշարժի ժամանակ Արթուրի երկու քույրերը մահացել են, ավագ եղբայրն այժմ ապրում է Երևանում։ Արթուրը տնակում բնակվում էր ծնողների՝ Լյովա և Ոսկեհատ Գալստյանների հետ։ 2016-ին Արթուրի ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գյումրիի տնակում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի շրջանակում ստացավ նոր և հարմարավետ բնակարան՝ հրաժեշտ տալով «դոմիկային» անբարեկարգ պայմաններին։
Ինչպես և իր բոլոր շահառուների, այդպես էլ Գալստյանների ընտանիքի նկատմամբ Հիմնադրամը հետևողական է։ Արթուրի սպորտային ձգտումների մասին տեղեկանալով՝ Հիմնադրամի ֆրանսահայ բարերար Արմանդ Բյուլբյուլյանը ցանկություն հայտնեց աջակցել տղային՝ նրան նվիրելով անհրաժեշտ սպորտգույք։ Նոր սպորտգույքը հնարավորություն կտա Արթուրին շատ ավելի արդյունավետ պատրաստվել մրցումներին․ անհրաժեշտ իրեր չունենալու հետևանքով Արթուրը տանը պարապում էր կենցաղային իրերի, օրինակ՝ գազի բալոնի վրա։