82-ամյա նվիրատուն․ 1000 դրամ՝ յուրաքանչյուր թոշակից
Հրապարակվել է Հուլիս 21, 2017
Մերուժան Դավթյանն ամեն ամիս թակում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դռները, թեև Հիմնադրամում նրան այնքան լավ են ճանաչում, որ կարող է առանց թակելու էլ ներս մտնել։ Մասնագիտությամբ մեխանիկ 82-ամյա Մերուժան պապիկը Հիմնադրամի ամենահավատարիմ նվիրատուներից է. 1992-ից ի վեր ամեն ամիս իր թոշակից նվիրատվություններ է կատարում Հիմնադրամին։

«Ինչի՞ համար եմ անում, ասո՞ւմ ես։ Խղճիս հանգստության համար։ Ես չեմ կարող հանգիստ քնել՝ վստահ չլինելով, որ իմ երկրի համար մի լավ բան եմ արել», - ասում է Մերուժան պապիկն ու ցույց տալիս Հիմնադրամին կատարած իր նվիրատվությունների վճարման կտրոնները։

Յուրաքանչյուր 1000 դրամը Հիմնադրամի՝ Հայաստանում և Արցախում կատարվող բազմազան ծրագրերի համար կարող է ճակատագրական դառնալ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հպարտ է ոչ միայն իր խոշոր բարերարներով, այլև յուրաքանչյուր անհատով, ով մտահոգված է հայրենիքի բարենորոգմամբ և ամեն կերպ աջակցում է։