Աշոցքի հիվանդանոցն այսօրվանից տոմոգրաֆիկ հետազոտության սենյակ ունի
Հրապարակվել է Հուլիս 14, 2017
Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն այսուհետ կունենա տոմոգրաֆիկ հետազոտման սենյակ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ հիվանդանոցին նվիրաբերվել է տոմոգրաֆիայի սարք, հիմնանորոգվել է հիվանդանոցի երկու սենյակ, կառուցվել սարքի հովացման կենտրոն։

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը կառուցվել է 1988-ի երկրաշարժից հետո Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի նվիրատվությամբ։ Հիվանդանոց տարեկան 28000 քաղաքացի է դիմում, որոնցից 2500-3000-ը ստանում են ստացիոնար բուժում, 1500-ը՝ վիրահատվում։ Հիվանդանոցը Հայաստանի եզակի այն առողջապահական հաստատություններից է, որտեղ բուժծառայություններն անվճար են։