«Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ Արցախի երկու բուժհաստատություններ համալրվել են նորածնային ինկուբատորներով
Հրապարակվել է Մարտ 06, 2017
Իր արգենտինահայ բարերարներ Դանիել եւ Իզաբել ամուսինների ֆինանսական աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկուական ինկուբատոր /կյուվեզ/ եւ մոնիտոր է նվիրաբերել Արցախի «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնի եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորման նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին:
Գերմանական «Դրեգեր» արտադրության այս գերժամանակակից ինկուբատորները օպտիմալ պայմաններ են ապահովում անհաս եւ փոքր քաշով ծնված նորածինների կյանքի ու կենսագործունեության համար: Խոնավության, ջերմաստիճանի, թթվածնի համապատասխան մակարդակի ապահովումը նորածնին հնարավորություն է տալիս դուրս գալ կրիտիկական վիճակից: Մոնիտորներն էլ ապահովում են նորածինների շնչառական եւ սիրտ-անոթային համակարգի գործունեության հսկողությունը:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի խոսքով՝ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը կենտրոնի կարեւոր օղակներից է: Արցախում տարեկան ծնվում է 100-120 անհաս կամ փոքր քաշով երեխա, ինչպես նաեւ հասուն նորածիններ, որոնք ախտաբանական տարբեր խնդիրների պատճառով լիարժեք հսկողության կարիք ունեն: Սարքավորումները հնարավոր են դարձնում մանկածինների համապատասխան խնամքը, վերականգնումն ու բուժումը: