|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Սիրելի հայրենակից,

Քո մասնակցությամբ կարող է կառուցվել կամ բարեկարգվել ևս մեկ դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, ջրատար կամ գազատար:

Նվիրատվությունների համար զանգահարեք /+37410-52 15 05/ կամ այցելեք գործադիր վարչություն: donate.himnadram.org`առցանց նվիրատվության համար, բանկային հաշվեհամարներ`փոխանցման դեպքում:

Հարցերի դեպքում`pr@himnadram.org
«Հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով որոշում եմ հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Երեւան, մարտի 3, 1992թ.

__________________
1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության նախագահն է: Խորհրդի կազմում են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, ԼՂՀ նախագահը, ՀՀ և ԼՂՀ վարչապետները, ՀՀ Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի նախագահները, նախարարներ, երեք ավանդական կուսակցությունների, խոշոր բարեգործական կազմակերպությունների` ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում եւ Իտալիայում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքահայ ճանաչված բարերարների և գործիչների հետ: Հիմնադրամի` Երևանում գործող գործադիր վարչությունը և աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:

Հիմնադրամի դրամական միջոցները գոյանում են տարեկան հեռուստամարաթոնի,տարբեր երկրներում կազմակերպվող հեռախոսամարաթոնների, ռադիոմարաթոնների, հեծանվարշավների, ճաշկերույթների հանգանակություններից, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների հասույթներից, փոստային և SMS նվիրատվություններից, ինչպես նաև անհատների թողած կտակներից և նպատակային հատկացումներից:

1996 թ-ից սկսած ամեն տարի Լոս Անջելեսից հեռարձակվող ամենամյա հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հավաքագրված գումարները, հաշվետվություն ներկայացնում նվիրատուներին և հայությանը համախմբում հայրենիքի համար կենսական կարևորության ձեռնարկի շուրջ: Հեռուստամարաթոններում հավաքված նվիրատվություններն ուղղվում են հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը:

Համաևրոպական հեռախոսամարաթոնները, որոնք իրականացվում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ, ապահովում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Հունաստանի հայ ընտանիքների ու կազմակերպությունների նվիրատվություններն ընթացիկ տարվա խոշոր ծրագրում: Հեռախոսամարաթոններ են անցկացնում նաև Արգենտինայի և Ուրուգվայի տեղական մարմինները:

Հիմնադրամի անցած ուղին
բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորություն ունեն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ:
Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի եւ գիտության հայ գործիչներն ու երիտասարդ ստեղծագործողները:

Հիմնադրամի առաջին խոշորածավալ ձեռնարկը “Ձմեռ” մարդասիրական ծրագիրն էր, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թթ. ուղղվեցին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Աղետի գոտում Հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը` 88-ի երկրաշարժից անօթեւան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում: Հիմնադրամի օժանդակությունից անմասն չմնացին նաեւ զոհված ու առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու կարիքավոր ուսանողները, որոնց Հիմնադրամը շարունակում է նպաստ տրամադրել:

1995-99 թթ. Հիմնադրամին վստահվեց Հայաստանում և Արցախում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների լուծումը: Մեկը մյուսին հաջորդեցին “Գորիս-Ստեփանակերտ”, ապա 2000-2005թթ. Արցախում “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղիների կառուցումը: Վերջինս ճանապարհային ցանց ապահովեց ԼՂՀ քաղաքների եւ գյուղերի միջեւ` մեծապես նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը: Ճանապարհաշինությանը զուգընթաց` Հիմնադրամը ստանձնեց նաեւ համայնքային զարգացման նպատակային ծրագրեր` կառուցելով ու վերակառուցելով դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, էլեկտրահաղորդագծեր, մշակութային հաստատություններ եւ այլն:

2005 թ. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվեց տարածքային զարգացման “Արցախի վերածնունդ” ծրագիրը, որի իրագործումը նոր էջ բացեց Հիմնադրամի գործունեության մեջ: Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց 2005 -2006թթ. հեռուստամարաթոններում հանգանակված գումարները համապատասխանաբար ուղղել արցախյան պատերազմի հետեւանքով առավել մեծ վնասներ կրած ԼՂՀ շրջանների` Մարտակերտի եւ Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: 2006 թվականից սկսվեցին Մարտակերտի շրջանի վերականգնման աշխատանքները, որոնք ներառում են միաժամանակ մի քանի ոլորտ` գյուղատնտեսություն, ջրամատակարարում, առողջապահություն, դպրոցաշինություն: Նույնօրինակ ծրագիր Հիմնադրամն իրագործում է ԼՂՀ Մարտունու շրջաnում:

2007-2008թթ. Հիմնադրամը ձեռնամուխ եղավ Հայաստանի ու Արցախի գյուղերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը: Հեռուստամարաթոն 2009-նն անցկացվեց “Մեր Շուշին” խորագրի ներքո եւ հասույթը գլխավորապես ուղղվեց Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: 2010-2011թթ. Հիմնադրամն իր միջոցները նպատակաուղղեց Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը: 2012թ.-ի նվիրատվություններն ուղղվեցին Արցախի եւ Հայաստանի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

2013թ.-ին հավաքագրված միջոցներն ուղղվեցին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հողային աշխատանքների իրականացմանը: 2014թ.-ին հավաքագրած գումարներով էլ մեկնարկեց ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը, որը շարունակվում է առ այսօր: 2015թ.-ի նոյեմբերի 26-ին կայացած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարն էլ նպատակաուղղվել է Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: Զուգահեռաբար կյանքի են կոչվում բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը հասցրել է ճանաչվել ողջ հայության կողմից, քանզի իր ծրագրերում միշտ եղել է արդիական ու սպասված: Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանը` Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղում է մեր երկրի վերակառուցմանն ու ամրապնդմանը:

ավելի քան 330 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում եւ Արցախում,
ավելի քան 1100 ծրագիր Հայաստանում եւ Արցախում,
ավելի քան 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից,

կառուցվել, վերակառուցվել եւ իրականացվել են ավելի քան
605կմ ճանապարհ,
580կմ ջրագիծ ու ջրատար,
149կմ գազամուղ,
70կմ էլեկտրագիծ,
359 դպրոց ու մանկապարտեզ,
24 համայնքային կենտրոն,
500 տուն ու բնակարան,
75 առողջապահական հաստատություն,
58 մշակույթի ու սպորտային կենտրոն,
100 ջերմոց,
169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:




մշակված է