|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է շահագործվում
2017-07-14
Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է շահագործվում
Առաջին հայկական հնդկացորենը մոտ օրերս արդեն կլինի հայաստանյան խանութներում։ Անկախությունից ի վեր արտերկրից հնդկացորեն ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքը կունենա Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ։

Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը 2015 թվականից ի վեր աշխատում է առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ։ Բավրայի արտադրամասին մշտապես հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 կոոպերատիվներում։ Կոոպերատիվները հնդկացորեն են մատակարարելու կամ Բավրայի, կամ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի հնդկացորենի արտադրամասերին։

2016 թվականին ծրագիրն առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրել է հնդկացորենի սերմ և պարարտանյութ, իսկ մայր կոոպերատիվներին` հնդկացորենի վերամշակման գործարաններ։ Արդյունքում՝ մշակվել է 520 հեկտար հողատարածք`1 հեկտարից արձանագրելով միջինը 1,2 տոննահնդկացորենի բերք։ Բացի այդ, ծրագրի աջակցությամբ միջազգային և տեղական փորձագետների կողմից անցկացվել են ֆերմերների ուսուցումներ հնդկացորենի ցանքի, պարարտացման, բերքահավաքի, բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենի մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Բավրայի մայր գործարանի շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, իսկ իրականացվել՝ կոոպերատիվի կողմից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, լինելով Հայաստանի և Արցախի զարգացման ջատագովն արդեն 25 տարի, մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսությանը՝ գիտակցելով գյուղացու սեփական ձեռքով իր կայուն եկամուտն ապահովելու կարևորությունը։ Օրինակ՝ Հիմնադրամը Տավուշի մարզում 2011-ից գործարկում է Հիմնատավուշ զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ Բոլորովին վերջերս էլ՝ հուլիսի 12-ին, Հիմնադրամի արգենտինահայ և ավստրալահայ բարերարների ֆինանսավորմամբ նույն Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը՝ նվիրված տավուշցի 100-րդ ընտանիքին։ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացումը: ENPARD-ի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է ՄԱԱԶԿ/UNIDO-ի և ՄԱԶԾ/UNDP-ի կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել գյուղմթերք արտադրող խմբերին, նրանց ներգրավել արժեշղթաների զարգացման մեջ, ամրապնդել բարձրորակ և մատչելի արտադրանքի արժեշղթաները, նպաստել գյուղական վայրերի զարգացմանը, ընդլայնել տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, և Հայաստանում ներդնել գյուղատնտեսական արտադրության և մշակման լավագույն փորձը:

Ծրագրի անմիջական շահառուներն են գյուղմթերք արտադրողները, արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների խմբերին: Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին և իրականացվում է Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո):

Նկարներ

Այլ Նորություններ

2017-07-21
Մսի կոմբինատից Մուշ․ կյանքի նոր էջ՝ նոր տանը

2017-07-21
82-ամյա նվիրատուն․ 1000 դրամ՝ յուրաքանչյուր թոշակից

2017-07-20
Դոմիկից տուն․ Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն կստանա

2017-07-17
Բարեգործություն՝ Telcell-ի տերմինալներով. Telcell-ը միանում է հայրենիքի բարենորոգմանը

2017-07-14
Աշոցքի հիվանդանոցն այսօրվանից տոմոգրաֆիկ հետազոտության սենյակ ունի

2017-07-13
Բաղանիսն արգենտինահայերի աջակցությամբ ոռոգման ջուր կունենա

2017-07-12
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը

2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի

2017-07-06
Կրթաթոշակ՝ Կոնսերվատորիայի լավագույն ուսանողին

2017-07-03
Արևե մանուկների աշխարհում

մշակված է